ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

DigiTec` հարթակ նորաստեղծ ընկերությունների համար

DigiTec` հարթակ նորաստեղծ ընկերությունների համար
01.09.2009 | 00:00

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Երևանում հոկտեմբերի 2-4-ին ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո կկայանա DigiTec-2009 տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաներին (ՏՀՏ) նվիրված ցուցահանդեսը։ DigiTec-ի հիմնական նպատակը ՏՀՏ ընկերությունների, գործարար, պետական և անհատ սպառողների միջև բարենպաստ գործարար միջավայր ստեղծելն է։ Ակնկալվում է, որ այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը կգերազանցի 12 հազարը։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Ucom ընկերությունը, որն առաջին անգամ Հայաստանում ներդնում է IP հեռուստատեսություն և DigiTec-ի շրջանակներում կկատարի իր ծրագրերի առաջին ցուցադրությունը։ Ցուցահանդեսի պաշտոնական հովանավորությունը ստանձնել է ինտերնետ ծառայություններ մատուցող ADC ընկերությունը։ Նշենք, որ տարեցտարի ցուցահանդեսը փոխվում է թե՛ ներկայացուցչական մակարդակով, թե՛ որակապես։ Ներկայանում են ոչ թե համակարգիչներ վաճառողներ, այլ ՏՏ լուծումներ առաջարկողներ։ DigiTec-ն ընկերությունների և շարքային քաղաքացիների համար դարձել է Հայաստանի ՏՏ-ի բնագավառի, առաջարկվող նոր լուծումներին ծանոթանալու հարթակ, իսկ արտասահմանյան ներդրողների համար՝ որոշում ընդունելու լավագույն կենտրոն, որտեղ նրանք տեսնում են ոլորտի զարգացման հեռանկարային ուղղությունները։ Ցուցահանդեսը հետաքրքիր հարթակ է նաև երիտասարդների մասնագիտական կողմնորոշման հարցում։
DigiTec-2009 ցուցահանդեսի երեք աշխատանքային օրվա ընթացքում կանցկացվեն նաև կից միջոցառումներ։ Մասնավորապես «DigiTec էլեկտրոնային կառավարում» ֆորումի ընթացքում կներկայացվեն ՀՀ կառավարության և առընթեր մարմինների մատուցած էլեկտրոնային ծառայությունները։ Ընդ որում, տարեցտարի պետական հիմնարկների մասնակցությունն այս միջոցառմանն ընդլայնվում է։ Ցուցահանդեսին զուգորդվող սեմինարների շարքում առաջատար տեղական և միջազգային ընկերությունները կներկայացնեն իրենց լուծումներն ու տեխնոլոգիական վերջին նորությունները: Կլինի նաև մոբիլ հեռախոսակապի անկյուն, որտեղ ներկայացված կլինեն այն ընկերությունները, որոնք ծառայություններ են մատուցում բջջային կապի հատվածում։ Առանձին մասնակցություն կունենան ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերությունները։ Ակնկալվում է, որ նրանց թիվը կանցնի 10-ից։ Նորաստեղծ ընկերությունները հնարավորություն կունենան ներկայանալու և փնտրելու ներդրողներ։ «Սայմոտեկ» ընկերությունը նույնպես առաջին անգամ է մասնակցելու DigiTec ցուցահանդեսին։ Այն զբաղվում է ինժեներական ծառայություններով, նախագծումներով, ինչպես նաև ավտոմատիկայի հետ կապված խնդիրներով։ Ինչպես նշում է ընկերության տնօրեն ՀՐԱՉՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, «Սայմոտեկը» հիմնադրվել է 2001-ին, սակայն որպես ճարտարագիտական ծառայություններ մատուցող ընկերություն վերաձևավորվել է 2006-ի վերջին։ Ընկերությունն իր աշխատանքները սկսել է՝ նպատակ ունենալով ծառայությունները հիմնականում ներկայացնել արտասահմանում, սակայն վերջին շրջանում փորձում են գործընկերներ կամ պատվիրատուներ գտնել նաև տեղական շուկայում։ DigiTec-ին և ընդհանրապես ցուցահանդեսներին մասնակցությունը, ըստ Հ. Խաչատրյանի, մի քանի նպատակ է հետապնդում, այդ թվում՝ կապերի հաստատում և ծանոթություն շուկային։ Յուրաքանչյուր տարի այդ մշակույթը Հայաստանում զարգանում է, աստիճանաբար մարդիկ ավելի շատ են հետաքրքրվում, ավելի մեծ հնարավորություն է ստեղծվում ներկայանալու և կապեր հաստատելու համար։ «Մեզ մոտ ցուցահանդեսներին մասնակցելու մշակույթի պակաս կա։ Սակայն DigiTec բիզնես-ֆորումին մասնակցելիս նկատեցի, որ բոլորը զգում են նման միջոցառումների կարիքը։ Մարդիկ հասկանում են, որ պետք է հատուկ քայլեր անել, որպեսզի իրենց մասնակցությունն առավել արդյունավետ լինի։ Վերջապես գումար և ժամանակ են ծախսում ցուցահանդեսներին մասնակցելու համար»,- նշում է «Սայմոտեկի» տնօրենը։ Ըստ նրա՝ հայաստանյան ՏՏ շուկան նորաստեղծ ընկերությունների համար բավականին նպաստավոր է, քանի որ հագեցած չէ, և ցանկացած մարդ իր տեխնիկական պատկերացումները կարող է իրագործել։ «Միևնույն ժամանակ,- նկատում է Հ. Խաչատրյանը,- գործունեության համապատասխան միջավայր գոյություն չունի։ Չկան այն մարդիկ, ովքեր խնդիրներ են առաջադրում, և չկա այն սերունդը, որը պատրաստ է այդ խնդիրները լուծելու։ Իհարկե, ինչպես բնական էվոլյուցիան, ցանկացած գործ եթե թողնես ինքնահոսի, ինչ-որ ժամանակ կզարգանա, կհասնի անհրաժեշտ մակարդակի, բայց ամեն դեպքում նախընտրելի և ճիշտ է ուղղորդելը։ Եվ կարծում եմ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնած DigiTec ցուցահանդեսները սկսել են ուղղորդել ՏՏ ոլորտը, և կարծես թե ստացվում է։ Լավ կլիներ, որ նման նախաձեռնությամբ հանդես գային նաև այլ բնագավառներում։ Օրինակ, մենք հիմնականում ստեղծվել ենք ճարտարագիտական ոլորտի կողմից, թեև այսօր հարաբերություններ ունենք նաև ՏՏ ոլորտի հետ։ Վերջին մի տարվա ընթացքում մեր արտադրանքներից մեկը, որն աշնանը կփորձենք թեստավորել, ուղղակիորեն կապված է ՏՏ ոլորտի հետ. այն հեռաբժշկության՝ բժիշկների և այցելուների միջև շփման համակարգ է ինտերնետի միջոցով։ Եվ այդ միջավայրի միջոցով կողմերը հնարավորություն են ստանում բժշկական տվյալներ փոխանցելու միմյանց»։
Կառավարությունը ծրագրել է մինչև 2018 թվականը հանրապետությունում ստեղծել ՏՏ ոլորտի 1000 ընկերություն. որքանո՞վ է այդ հեռանկարն իրատեսական` հարցրինք։ «Եթե խնդիրը դիտարկենք զուտ տեխնիկական լուծման տեսակետից, 1000 կազմակերպություն ստեղծելու համար շատ միջոցներ հարկավոր չեն, որովհետև կազմակերպություն գրանցելն ու բացելը բավականին հեշտ գործընթաց է։ Մինչդեռ կայացած կազմակերպություններ հիմնելու համար շատ լուրջ ցանկություն է անհրաժեշտ։ Իսկ այդ ցանկությունը պետք է բոլոր կողմերն ունենան։ Կարծում եմ, որ շատ կարևոր է բիզնես կառույցների ստեղծումը, որոնք Հայաստանը կկապեն արտասահմանի հետ, և դրսում կճանաչեն Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում լուծումներ առաջարկող պետություն կամ բիզնես համատիրություն։ Եթե դա հաջողվի անել, 2018 թվականին գուցե ՏՏ ոլորտի 1000-ից ավելի կազմակերպություն էլ ունենանք»,- նշեց Հրաչյա Խաչատրյանը։ Նա բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում է հոկտեմբերի 2-4-ին կայանալիք DigiTec ցուցահանդեսին, որտեղ կներկայացնեն հեռաբժշկության ոլորտում իրենց նորարարական լուծումները։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3591

Մեկնաբանություններ